ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ

armeconomedia.org
Արդյունաբերություն

Ստանդարտների ազգային ինստիտուտը` ԻՍՕ խորհրդի անդամ

01:57 Հուլիս 17, 2010

 Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտը 2 տարի ժամկետով ընտրվել է ԻՍՕ խորհրդի անդամ: ԻՍՕ-ն ունի 162 անդամ:  Նման տեղեկություն հայտնեց լրագրողներին ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը: Նրա խոսքերով, բազմաթիվ հանդիպումների, բանակցությունների, միջազգային շփումների և միջազգային ստանդարտացման աշխատանքներում Հայաստանի դերի բարձրացման արդյունքում` հաստատվել են ամուր կապեր գրեթե բոլոր երկրների հետ:

Նա նշեց, որ իրենց անցած ճանապարհը հեշտ չի եղել, սակայն Հայաստանի առաջադրումը պաշտպանվել է ավելի քան 50 երկրի կողմից. «Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որ կարողացել է խորհրդի անդամ դառնալ»:

Նշենք, որ Մեծ Բրիտանիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ճապոնիան, Կորեան, Ռուսաստանը, Իտալիան և բազմաթիվ այլ խոշոր երկրների ստանդարտացման ազգային ինստիտուտներ ԻՍՕ խորհրդի անդամ են: Իսկ խորհրդի կազմում աշխատելու համար ինստիտուտը պետք է ներկայացուցչություն ունենա Ժնևում:

«ԻՍՕ խորհրդի կազմում ընդգրկվելը Հայաստանին կօգնի հարթել խոչընդոտներ և լուծել առևտրի հետ կապված բազմաթիվ հարցեր»,- ասաց Ազարյանը և ավելացրեց, որ այսօր Հայաստանում արտադրվող ապրանքներից միայն կոնյակն ու շամպայնն են համապատասխանում ԻՍՕ-ի ստանդարտներին:

«ԱՊՀ երկրներից բացի` Հայաստանը կարողանում է եվրոպական ու այլ երկրներ առանց խնդիրների արտահանել միայն այս խմիչքները, մյուս ապրանքները դեռևս համապատասխանեցված չեն այդ ստանդարտներին, չկան համապատասխան լաբորատորիաներ»,- ընդգծեց ինստիտուտի տնօրենը:
 

Aysor.am